«Հարսանիք լեռներում» օպերացիա

«Հարսանիք լեռներում» օպերացիա

1992 թվականի մայիսի 8-ին սկսվեց «Հարսանիք լեռներում» օպերացիան, որը բեկում մտցրեց Արցախյան պատերազմում և  հաղթանակի հույս ներշնչեց արցախցիներին: Այդ օրը հայկական զորքը սկսեց գրոհել բերդաքաղաք Շուշին։ Օպերացիան պատրաստվել էր ապրիլից, սակայն հարձակումը պարբերաբար հետաձգվել է տարբեր պատճառներով։ Ի վերջո, մայիսի 8-ի գիշերը արցախցի կամավորները Շուշիի վրա հարձակում են սկսում չորս ուղղություններով։ «Հարսանիք լեռներում» օպերացիան ղեկավարում էր Արկադի Տեր-Թադևոսյանը ։ Ուժերը անհավասար էին. բերդաքաղաքում գտնվող ադրբեջանական զորակազմի թվաքանակը մի քանի հարյուրով ավելի էր, բայց հայ զինվորների ոգին, ովքեր պատրաստ էին զոհվել հանուն հաղթանակի, հակառակորդին խուճապի մատնեց։ Անառիկ համարվող Շուշին ազատագրվել է մայիսի 9-ին՝ առավոտյան ժամը 4-ին։

«Հարսանիք լեռներում» օպերացիայի հաջողությունը մեծ նշանակություն ուներ Ստեփանակերտի հազարավոր բնակիչների համար: Բարձունքից քաղաքը ենթարկվում էր մշտական գնդակոծությունների, 1992 թվականի փետրվարից ստեփանակերտցիները փաստացի բնակվել են նկուղներում՝ առանց լույսի և ջերմության, “գրադի” արկերից փրկվելով: Մայիսի 9-ի հաղթանակը վերջապես թույլ տվեց նրանց դուրս գալ նկուղներից առանց վախի։ Այս օրը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հիմնադրման օրն է:

Շուշիի հաջողությունը ոչ միայն ոգևորեց հայերին, այլև կարևոր ուղերձ դարձավ համաշխարհային հանրության համար։ 

Կիսվել այս էջով`