Հանդիպում Սլավի-Ավիկ Հարությունյանի հետ

Հանդիպում Սլավի-Ավիկ Հարությունյանի հետ

Սեպտեմբերի 12-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում ՀԼԳ ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից բանաստեղծ, կինոսցենարիստ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի հետ։ Ներկա էին գրողներ, դասախոսներ, ուսանողներ ինչպես ՄՄՀ-ից, այնպես էլ ԱրՊՀ-ից:

Միջոցառումը բացեց և վարեց ՄՄՀ-ի ՀԼԳ ամբիոնի վարիչ, բ.գ.թ., բանաստեղծ Ալիսա Բաղդասարյանը: Նա ներկայացրեց Ավիկ Հարությունյանի կենսագրությունն ու ստեղծագործական գործունեությունը՝ընդգծելով, որ Արցախում ծնված, Հայաստանի և Ռուսաստանի գրողների միությունների անդամ, համառուսաստանյան կինոմատոգրաֆիայի ինստիտուտի կինոսցենարական ֆակուլտետն ավարտած, փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող բանաստեղծը մի քանի բանաստեղծական ժողովածուների, գիտական հոդվածների, երեք մենագրության և մի շարք վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է, ով տարիներ շարունակ «Ռուսֆիլմ» կինոընկերության գլխավոր պրոդյուսերն էր։ Հայ բանաստեղծը հայտնի է ոչ միայն հայ, այլ նաև իտալական, ֆրանսիական, անգլիական, գերմանական և մի շարք այլ գրական միջավայրերում։ Միջազգային հայտնի գրական փառատոնների մասնակցած և տարբեր անվանակարգերում հաղթած բանաստեղծի պոեզիային անդրադարձել են ավելի քան երեսուն եվրոպական կայքեր: «Գրականության մեջ քչախոս» գրողի բանաստեղծությունները զետեղվել են Նյու Յորքի համալսարանի բանասիրության և լրագրության ֆակուլտետի լրացուցիչ ծրագրում, ինչպես նաև մեր դպրոցների 11-րդ դասարանի գրականության դասագրքում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՄՄՀ-ի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը՝ կարևորելով արցախածին բանաստեղծի այցը հայրենիք:

Սլավի-Ավիկ Հարությունյանի գրական ձեռքբերումների մասին խոսեց ՄՄՀ և ԱրՊՀ դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանը՝ արժևորելով բանաստեղծի դերը արդի հայ գրականության զարգացման գործում:

Բանաստեղծի արցախցի ընկեր Վահրամ Աթանեսյանը ընդգծեց, որ Ավիկ Հարությունյանի պոեզիայում ոչ թե կորսյալ հայրենիքն է, այլ ապրելու և արարելու կամքը:

Գրողի՝ Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում սովորելու տարիներից գեղեցիկ հուշեր պատմեց նրա դասախոս, բ.գ. թ, ՄՄՀ-ի պրոֆեսոր Անահիտ Աթայանը։

Հետաքրքիր էր Աննա Այվազյանի՝ ՄՄՀ-ի ուսանողների դաստիարակչական գծով ղեկավարի` երգի տեսքով ողջույնը։

Բ. գ. թ., դոցենտ Զարինե Սառաջյանի և երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանի խոսքը կոչ էր ուսանողերին՝ ընթերցելու և ճանաչելու ժամանակակից հայ պոեզիան՝ ի դեմս Սլավի-Ավիկ Հարությունյանի:

ՄՄՀ-ի հումանիտար ֆակուլտետի ուսանողներն ասմունքեցին բանաստեղծի ստեղծագործություններից:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Սլավի-Ավիկ Հարությունյանը, և այն հարցին, թե ինչպես է բանաստեղծը դարձել փիլիսոփայական գիտությունների դոկտոր և կինոսցենարիստ, նա տվեց զարմանալի, բայց պարզ պատասխան՝ պատահական: Իսկապես, տաղանդները բացահայտվում են հենց պատահական իրավիճակներում:

Սլավի-Ավիկ Հարությունյանի հետ հանդիպումը ՄՄՀ-ում անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Միջոցառման ուղերձը պարզ էր. Արցախը հպարտ է իր բազմաշնորհ զավակով և նրա ստեղծած համամարդկային պոեզիայով:
Կիսվել այս էջով`