Հայտնի են «Իմ հերոսը» էսսեների մրցույթի հաղթողները

Հայտնի են «Իմ հերոսը» էսսեների մրցույթի հաղթողներըՀայտնի են «Իմ հերոսը» էսսեների մրցույթի հաղթողները

Այսօր՝ ապրիլի 23-ին, Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփվեցին Արցախյան երրորդ պատերազմում հերոսացած քաջորդիներին նվիրված «Իմ հերոսը» թեմայով էսսեների և բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ասմունքի մրցույթների արդյունքները:
 
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը: Նրա խոսքով՝ այս կերպ փորձում են կրթական հաստատությունների միջև ստեղծել սերտ կապեր:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանի խոսքով՝ սպասելիքներն ավելին էին, քան արձանագրվել է: Եթե համապատասխաներ բոլոր նյութերը՝ Էսսեների բովանդակությանը, ապա նախատեսված էր ժողովածուի լույս ընծայում:
Էսսեների մրցույթին ընդգրկվել է 19 մասնակից, իսկ ասմունքի՝ 15: Յուրաքանչյուրն ասմունքել է յուրովի հնչեղությամբ: Ոգևորիչ էր, որ մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Արցախի տարբեր դպրոցներից և բուհերից ուսանողներ և աշակերտներ, նաև ուրախալի փաստ է տղաների ներգրավվածությունը:
Մրցույթների ամփոփման արդյունքներով՝ քառասունչորսօրյա պատերազմում հերոսացած քաջորդիներին նվիրված էսսեների առաջին եռյակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Սցենարադրամատուրգիական արվեստ» բաժնի ուսանող Վովա Արզումանյանի, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ուսանողուհի Սառա Մարգարյանի և Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արինա Գրիգորյանի ստեղծագործություններն են: Ասմունքից մրցանակային տեղեր են գրավել Ստեփանակերտի հ. 7 և հ. 8 դպրոցների աշակերտները՝ Արսեն Պետրոսյան /առաջին /, Մարիամ Տոնյան/ երկրորդ / և Սոֆի Հովսեփյան /երրորդ/: ՄՄՀ ռեկտորի հատուկ մրցանակին է արժանացել հինգ մասնակից: Մրցույթների մասնակիցները պարգևատրվել են արժեքավոր նվերներով ու պատվոգրերով։
Մրցութային հանձնախմբի կազմում ընդգրկված էին գրականության և թատրոնի ոլորտների ներկայացուցիչներ:
#ՄեսրոպՄաշտոցՀամալսարանի մամուլի ծառայություն
Կիսվել այս էջով`