Հայերեն խոսքի ճանաչում բջջային հեռախոսով
Գործարկվել է փորձնական ծրագիր, որը հասկանում է հայերեն խոսքը և ինքնաբերաբար հավաքում է տեքստը:
Տեսանյութում ներկայացված է աուդիոֆայլի վերծանման (խոսքի ճանաչման, ASR ֊ Automatic Speech Recognition) հնարավորությունը։ Ձայնագրությունը նախօրոք բեռնվել է Հանրային ռադիոյի կայքից և ծրագրի միջոցով վերծանվել է։ Բնականաբար, ծրագիրը կարող է աշխատել նաև օնլայն ռեժիմով և վերծանել կենդանի խոսքը միկրոֆոնի միջոցով։ Օգտատիրոջ համար կա հնարավորություն բարելավել սեփական ձայնի ճանաչման որակը՝ կատարելով նմուշային ձայնագրություններ։
Շուտով բջջային հավելվածը հասանելի կլինի ցանկացողների համար, սակայն մինչ այդ այն կանցնի լրջագույն թեսթավորում և լրամշակում՝ հայտնաբերված թերությունների վերացման նպատակով։
Թվային այս գործիքի ռազմավարական նշանակությունը դժվար է թերագնահատել։
Այն հղկելուց հետո կստեղծվի նաև 3֊րդ կարևոր գործիքը՝ մեքենայական թարգմանության մշակումը, որը ձայնի սինթեզի (TTS) և խոսքի ճանաչման (ASR) հետ թույլ կտա մշակել հայերենով արհեստական բանականության պլատֆորմ և դրա հիման վրա կառուցել զուտ ազգային և պաշտպանված համացանց։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր դուրս հանել հանրային գիտակցությունը ներքին ու արտաքին թշնամական հարձակումների կրակից։
Ծրագիրը մշակվել է համաշխարհային ամենապրոֆեսիոնալ գործիքակազմերով՝ Kaldi ASR (Johns Hopkins University, ԱՄՆ), Vosk (Alpha Cephei, Ռուսաստան): Մշակմանը մասնակդցել են նաև Մեսրոպ Մաշտոց Համալսարանի աշխատակիցները՝ Դիանա Մովսիսյանը, Արինա Գրիգորյանը, Գայանե Գրիգորյանը, Գայանե Գևորգյանը, Նվարդ Բաբայանը, Ինգա Մարգարյանը, Անուշ Հայրապետյանը, Ալվինա Ներսեսյանը, Լիլիթ Ծատուրյանը, Անի Հարությունյանը: