Կովկասագիտության կենտրոնի գիտակրթական 6-ամյա գործունեության վերաբերյալ տեղի է ունեցել մամուլի ասուլիս

Կովկասագիտության կենտրոնի գիտակրթական 6-ամյա գործունեության վերաբերյալ տեղի է ունեցել մամուլի ասուլիս

Մեսրոպ Մաշտոց Համալսարանում այսօր` նոյեմբերի 4-ին, կայացել է Կովկասագիտության կենտրոնի գիտակրթական 6-ամյա գործունեությանը վերաբերյալ մամուլի ասուլիս, որի ընթացքում լրագրողները հանդես են եկել հարցադրումներով:
 
Կովկասագիտության կենտրոնը Մեսրոպ Մաշտոց համալսարանում գործում է 2015 թվականից՝ Ղարիբ Բաբայանի նախաձեռնությամբ:
 
Կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով՝ սկզբնական շրջանում չկային համապատասխան մասնագետներ, ինչպես նաև անհրաժեշտ գրականություն: Կարճ ժամանակահատվածում բուհի մասնագետների ուժերով հավաքագրվել են անհրաժեշտ նյութերը և այն ի մի բերել գրքերի տեսքով: Ուսանողներն այժմ ապահովված են անհրաժեշտ գիտական գրականությամբ, տեղեկատվական բազայով և տեխնիկայով:
 
Հովիկ Ավանեսովի խոսքով՝ կազմակերպվում է Կովկասագիտության բաժնի ուսանողների հանդիպումն Արցախի, Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքագետների, պատմաբանների, կովկասագետների, արևելագետների և հասարակական գործիչների հետ:
Համագործակցության շրջանակն օր օրի ընդլայնվում է:
 
Կենտրոնն աջակցում է Արցախի, Հայաստանի և տարածաշրջանի զարգացման առավել արդիական խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովների կլոր սեղանների կազմակերպմանը:
 
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն իր խոսքում նշել է, որ բուհի անձնակազմը պատրաստակամ է համագործակցել ցանկացած այլ համալսարանի կամ կենտրոնի հետ, ինչպես նաև ցուցաբերել մասնագիտական օժանդակություն: Կովկասագիտության կենտրոնը հանդիսանում է նախկինում գործող հայագիտական հետազոտությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնների իրավահաջորդը:
 
Կենտրոնի ուսանողները սովորում են նաև ադրբեջաներեն և պարսկերեն: 24 շրջանավարտների մի մասն աշխատում է պետական կառույցներում:
 
Դոնարա Գաբրիելյանն ուրախությամբ է նշել, որ Արցախի մայր բուհում վերջերս բացվել է տարածաշրջանային լեզուների ուսուցման կենտրոն, սակայն արդարացի չի համարում տարածված այն լուրը, որ Արցախում նման կենտրոնի բացումը ներկայացվում է որպես առաջինը:
 
Կոնտրոնի ղեկավարն ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև այն մասին, որ ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնը տարածաշրջանային բուհերի և տարածաշրջանային այլ գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ պատրաստում և հրատարակում է ռեգիոնալ թեմաներով ժողովածուներ:
 
Կովկասագիտության բաժնի ուսանողները սովորում են 4 տարի բակալավրիատում, ցանկության դեպքում՝ 2 տարի մագիստրատուրայում: 15 միավորից բարձր միջին որակական գնահատական ունեցող ուսանողները համապատասխան բաժնում սովորում են անվճար:
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
Կիսվել այս էջով`