Կլոր սեղան-քննարկում ՝ «Պատմական իրողությունը երեկ և այսօր» խորագրով

Կլոր սեղան-քննարկում ՝ «Պատմական իրողությունը երեկ և այսօր» խորագրով

ՄՄՀ  պատմության և  կովկասագիտության ամբիոնի ու  Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ սույն թվականի   մարտի 23-ին՝ ժամը 14:00-ին, ՄՄՀ կոնֆերանս դահլիճում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված 1920 թ. մարտի 23-26 Շուշի քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին՝ «Պատմական իրողությունը երեկ և այսօր» խորագրով:

Քննարկման ընթացքում ելույթ են ունեցել՝

  1. Դոնարա Գաբրիելյանը (ՄՄՀ ռեկտոր),                 
  2. Ավանեսյան Իսկուհին (պ.գ. թ.դոցենտ),
  3. Սուլեյմանյան Լենան (ավագ դասախոս),
  4. Հարությունյան Մհերը (պ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար),
  5. Հարությունյան Վրեժը (պ.գ.թ.),
  6. Սարումյան Նունեն (պ.գ.թ., դոցենտ),
  7. Դադայան Ստեփանը (պ.գ.թ., պրոֆեսորի պաշտոնակատար),
  8. Բաղդասարյան Նելլին (պ.գ.թ. դոցենտ),
  9. Բալայան Մելանյան (պ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար),
  10. Հակոբյան Արմինեն (ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի հայցորդ),
  11. Ավանեսով Հովիկը (ավագ գիտաշխատող):

Կլոր սեղան-քննարկման ընթացքում հատկապես  անդրադարձ է  եղել   101 տարի առաջ Շուշի քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին,  հաջորդ տարիներին Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականությանը,  նաև վանդալիզմին:  Մասնակիցները ընդգծել են, որ Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը դրսևորվել է նաև 2020թ. Աշնանը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում:

Կլոր սեղան-քննարկման մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

1920 թվականի մարտին նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական հանրապետության կողմից Արցախի վարչական և կրթամշակութային կենտոն   Շուշի քաղաքում կազմակերպվեց  հայ բնակչության կոտորած, որի արդյունքում տասնյակ հազարավոր հայեր սպանվեցին, հազարավորներ փախուստի միջոցով փրկվեցին:

Քաղաքը թալանվեց, հրկիզվեց և ամբողջությամբ ավերվեց: Ադրբեջանի ցեղասպանական ծրագրավորված քաղաքականությունը շարունակվեց նաև հետագայում՝ 1988-1991 թթ. Ադրբեջանական ԽՍՀ հայաշատ բնակավայրերում և ԼՂԻՄ տարածքում կազմակերպված ցեղասպանական գործողությունների տեսքով:

Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը շարունակվում է ցայսօր, որի գլխավոր նպատակը տարածաշրջանում հայկականության հետքի վերացումն է: Ադրբեջանն իր ցեղասպան վարքագիծը ամենացայտուն ձևով դրսևորեց նաև 2020թ. աշնան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ կիրառելով արգելված զինատեսակներ, պարբերական գնդակոծության ենթարկելով խաղաղ բնակավայրերը և թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը:

Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի կրողն են այսօր պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ գերիներն ու պատանդները:

Ադրբեջանի ցեղասպանական համալիր քաղաքականության բաղադրիչն է նրա վերահսկողության տակ անցած հայկական տարածքների հոգևոր և նյութական ժառանգության ոչնչացման ամենօրյա դեպքերը:

44-օրյա պատերազմին հաջորդած իրողությունները և Ադրբեջանի կողմից պաշտոնական մակարդակով հնչող հայտարարությունները փաստում են, որ Ադրբեջանը արտաքին լսարանին մատուցվող «համակեցության և խաղաղաշինության» կեղծ թեզերին զուգահեռ շարունակում է սեփական հասարակությանը մատուցել հայի՝ որպես արտաքին թշնամու կերպարը:

Անցյալի դասերը հստակ ցույց են տալիս,  որ Ադրբեջանը հայերի ցեղասպանությունը որպես պետական գաղափարախոսություն հռչակած պետություն է, ինչի մասին մենք մեկ անգամ ևս ահազանգում ենք միջազգային հանրությանը։  Կրկին ընդգծում ենք՝ Արցախի Հանրապետության խնդիրն է միջազգային ճանաչմանն ուղղված պայքարին զուգահեռ, միջազգային հարթակներում հետևողական պայքար տանել Ադրբեջանի կողմից գերեվարված  հայկական պատմական ժառանգության պահպանման համար:

Կիսվել այս էջով`