Կայացել է «Պատերազմից հետո» գրքի շնորհանդեսը
Մայիսի 28-ին ՄՄՀ-ում տեղի է ունեցել ՄՄՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանաստեղծուհի, բ.գ.թ. Ալիսա Բաղդասարյանի «Պատերազմից հետո» գրքի շնորհանդեսը:
Բացման խոսքում բ.գ.դ. պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանը շեշտեց. «Ամեն բանատեղծ չէ, որ դառնում է ընթերցողի սրտի թարգմանը: Ալիսա Բաղդասարյանը իր ժողովրդի դուստրն է՝ խաղաղատենչ, արարող, հաղթանակող: Ալիսան ծնվել է բանաստեղծական երանգների հյուսվածքով՝ որպես սրտի թարգման, որպես Աստծո քարտուղար»:
ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի խոսքում կար հստակ ուղերձ. կարարի Արցախը, քանի դեռ արցախուհին կարողանում է գրիչ վերցնել ու ստեղծագործել:
Գրքի խմբագիր, բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանը կրկին Արցախյան հողում է ու պինդ գրկում է արցախուհուն՝ նրան մղելով նոր ստեղծագործությունների…
ԱրՊՀ լրատվական բաժնի պետ Զարինե Սարաջյանի ու բանաստեղծուհիներ Տաթև Սողոմոնյանի և Սոնա Համբարձումյանի խոսքով՝ բանաստեղծուհին գերում է կանացի նուրբ աշխարհով:
Ալիսա Բաղդասարյանի պոեզիայի պատկերավոր մտածողության, ասելիքի թարմության ու ապրումների անմիջականության մասին էր բ.գ.թ. Նանար Սիմոնյանի խոսքը:
Ըստ ՄՄՀ դասախոս Ռուզաննա Սայիյանի՝ պատերազմի գույները հաղթահարած արցախուհին նորից վերահաստատում է. սերն է ցավի ու տառապանքի միակ ապրեցնող և առաջմղիչ ուժը:
«Պարեզամից հետո» գրքի շնորհանդեսին խոսք ասացին գրական ընտանիքի անդամներ Դավիթ Միքայելյանը, Գագիկ Բեգլարյանը, Սերգեյ Սաֆարյանը, Ծովինար Բաղդասարյանը, Սոֆյա Սարգսյանը, ՄՄՀ դասախոսներ Նաիրա Թամրազյանը, Հովիկ Ավանեսովը, ՄՄՀ գրադարանի վարիչ Լաուրա Առստամյանը:








Ասմունքով հադես եկան ՄՄՀ ուսանողները, սքանչելի ձայնով հորովելը հնչեցրեց Էռնա Միրզոյանը՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ կապրի Արցախը, քանի դեռ արցախուհին այսպիսի տող ունի, բայց երբ պատերազմը պարտադրանք է դառնում՝ Հայրենիքս քո դեմքն է ստանում, և ես, քեզնից խլում եմ ինձ, որ հայրենիքս հաղցթանակ տանի:




