Կայացել է հերթական մամուլի ասուլիսը. «Դերասանի վարպետություն» դասընթացի ընդունելությունը շարունակվում է

Կայացել է հերթական մամուլի ասուլիսը. «Դերասանի վարպետություն» դասընթացի ընդունելությունը շարունակվում է

Մեսրոպ Մաշտոց Համալսարանը և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական-դրամատիկական թատրոնը հայտարարում են «Դերասանի վարպետություն» դասընթացի ընդունելություն:
 
Ապրիլի 6-ին մամուլի ասուլիսի ձևաչափով դասընթացի մասով մանրամասներ հաղորդել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական-դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը և բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիլյանը:
«Դերասանի վարպետություն» դասընթացի տևողությունը 10 ամիս է: Դասընթացին կարող են մասնակցել միջնակարգ և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Դիմորդը պետք է հանձնի երկու քննություն. բեմական խոսք, որի ժամանակ դիմորդն արտասանում է գրական տարբեր ժանրերի ստեղծագործություններ` բանաստեղծություն, առակ, հատված արձակ գործից կամ որևէ մենախոսություն, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ որևէ երգ: Երկրորդ քննությունը Էտյուդն է, որի ժամանակ դիմորդը ներկայացնում է կյանքից վերցրած մի փոքր դրվագ` համապատասխան վերաբերմունքով, ինչպես նաև պար՝ իր ընտրությամբ:
 
Վահան Խաչատրյանի խոսքով՝ վերջերս ինչ-որ կարծրատիպեր կան, որ դերսանի մասնագիտությունն այնքան էլ դժվար չէ: Սակայն պետք է նշեմ, որ այն բավականին բարդ մասնագիտություն է, որը բազային հիմք է պետք:
 
Վ. Խաչատրյանն ընդգծել է նաև, որ դիմորդը պետք է օժտված լինի վառ ստեղծագործական երևակայությամբ և բեմական արտահայտչաձևերի բազմերանգությամբ: Մեծ նշանակություն ունեն դիմորդի դերասանական և երաժշտական, ինչպես նաև կազմակերպչական ունակությունները, ինքնուրույն մտածելակերպը: Պետք է կարողանալ ամեն անգամ բեմ բարձրանալով զարմացնել հանդիսատեսին։ Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր, որը հնարավորություն կտա աշխատել թատրոնում և հեռուստատեսությունում:
 
«Դերասանի վարպետություն սովորողները պարտադիր չէ թատրոնում լինեն, հետագայում նրանք կարող են նաև հեռուստատեսությունում աշխատել։ Դասընթացի ժամանակ մենք հնարավորություն ենք տալու դիմորդներին բարձրանալ բեմ ու աշխատել։ Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, թե ինչի համար է նա սովորում։ Իսկ ինչ վերաբերվում է ապագային, դա կախված է յուրաքանչյուր անհատից»,- մանրամասնել է Վ. Խաչատրյանը:
 
Բուհի ռեկտոր՝ Դոնարա Գաբրիելյանն իր հերթին կարևորել է նման դասընթացի կազմակերպումը, որը հետագայում հնարավոր է դառնա բուհի մասնագիտություններից մեկը:
 
«Պատերազմից հետո, երբ մեր թատրոնը գրեթե չէր գործում, շատերը մտածում էին, որ հիմա թատրոնի մասին խոսելու ժամանակաը չէ։ Արդյունքում, մենք ունեցել ենք երիտասարդներ, ովքեր չէին ցանկանում թատրոն գնալ, քանի որ տեղյակ չէին։ Ժամանակի ընթացքում մենք կարողացել ենք հաղթահարել և կոտրել այդ կարծրատիպերը երիտասարդների շրջանում: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այսօր թատրոնի հանդեպ մեծ է սերը՝ մանավանդ երիտասարդության շրջանում»,- ավելացրել է Դ. Գաբրիելյանը։
Մեսրոպ Մաշտոց համալսարանում շարունակվում է դասընթացի մասնակցության հայտերի ընդունումը, որի վերջնաժամկետը՝ ընթացիկ տարվա ապրիլի 29-ն է:
 
Տեղերի սահմանափակ լինելու պատճառով՝ նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած 20 մասնակիցներին:
Դասավանդման լեզուն լինելու է հայերեն:
Դասընթացը վճարովի է:
 
Հղումը՝ #ՄեսրոպՄաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
 
 
 
Կիսվել այս էջով`