«ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ՄՄՀ-ում

«ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ՄՄՀ-ում

Մարտի 27-ին  Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կազմակերպվեց «Բաց դռների օր» ամենամյա միջոցառումը: Մայրաքաղաքի հ. 3 և հ. 8 դպրոցների աշակերտները ծանոթացան համալսարանի գործունեությանը, ուսումնական պլաններին և մասնագիտություններին:

Միջոցառման մեկնարկը տվեց համալսարանի ուսանողական խորհուրդը՝ ներկայանալով ինքնատիպ մոտեցմամբ ու ոչ կաղապարված  մտածելակերպով՝ այդ ամենը ներկայացնելով երաժշտական համարների ու ծիծաղաշարժ դրվագների միջոցով: Վերջիններս ապագա ուսանողներին խոստացան ակտիվ ու հետաքրքիր ուսանողական առօրյա:

Համալսարանի հետ ծանոթությունը կազմակերպեց ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը՝ տեսահոլովակի միջոցով ներկայացնելով համալսարանի ստեղծման պատմությունը:

– Մեր համալսարանի, ինչպես և ԱՊՀ բոլոր ոչ պետական բուհերի ծնունդը, արձագանքն է աշխատաշուկայում տնտեսական, իրավաբանական, հումանիտար մասնագիտություններ ունեցող մասնագետների պահանջարկին: ՄՄՀ մյուս բուհերից տարբերվում է իր ինքնավարությամբ և շարժունակությամբ, որն էլ հնարավորություն տվեց արագ կողմնորոշվելու և բացելու այնպիսի մասնագիտություններ, որոնք պահանջված են աշխատաշուկայում,- ասաց Դոնարա Գաբրիելյանը՝ հավելելով, որ ՄՄՀ պատրաստում է մասնագետներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կառավարման, իրավունքի, հումանիտար գիտությունների ոլորտներում: Առաջին անգամ ԼՂՀ-ում գործում է «Կովկասագիտություն» բաժինը:

Աշակերտներին շնորհակալություն հայտնելուց հետո գիտական ծրագրերի ու գալիք տարում կյանքի կոչվելիք ծրագրերի մասին ևս անդրադարձ կատարեց Դոնարա Գաբրիելյանը՝ վստահություն հայտնելով, որ նրանց հետ մեկտեղ հնարավոր է վերադարձնել այն, ինչը կորցրել ենք: Նա սիրով հրավիրեց ՄՄՀ ուսանողներին՝ միասին կառուցել այն ապագան, որի մասին երազում են.

-Ուստի մեծ աշխատանք կա անելու այդ ուղղությամբ: Ուսումնասիրելով աշխատաշուկան, անում են ամեն հնարավորը, աջակցենք երկրի առջև ծառացած խնդիրները լուծելուն: Նպատակ ունենք համալսարանում բացել նոր մասնագիտություններ՝ սոցիալական խնդիրների լուծման հետ կապված: Ծրագրի մասին իրազեկել ենք կրթության նախարարությանը: Մեր մեծ ընտանիքում պատրաստում ենք  երկրի համար ընդօրինակելի քաղաքացիներ և, իհարկե, լավ մասնագետներ, ուստի կրթության որակի բարձրացման նպատակով ՀՀ-ից և ՌԴ-ից հրավիրում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

Նշենք, որ այսօր համալսարանը հնարավորություն է ընձեռում ստանալ լրացուցիչ կրթություն և  ունենալ համապատասխան հավաստագիր: Օրինակ՝ այսօր համալասարանում ադրբեջաներեն լեզվի դասընթացներին ընդգրկված է 20 հոգի:

Միջոցառման 2-րդ մասը ներառում էր մասնագիտացման թեստի անցկացում, ինչպես նաև հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն առաջադրել համապատասխան մասնագետին և ստանալ խորհրդատվություն: Մասնագիտական կողմնորոշման համար աշակերտները լրացրեցին Կլիմովի թեստը:

Կարիերայի կենտրոնի ղեկավար Անուշ Շահրամանյանի խոսքով՝ գալիք տարի ծրագրում է այս աշխատանքը կազմակերպել 2 փուլով՝  նախ՝ շրջայց կատարել դպրոցներ՝ տեղում իրականացնելով մասնագիտական կողմնորոշման թեստ, հետո՝ կազմակերպել այցելություն ՄՄՀ:

Միջոցառման 3-րդ մասում նախատեսված էր մասնագիտությունների ներկայացում՝ ցուցադրական դասախոսության տեսքով, ինչը հնարավորություն ընձեռեց աշակերտներին մասնակցել համալսարանի առաջատար դասախոսների՝ պատմության, գրականության, կառավարման վերաբերյալ դասախոսություններին և մասնակցել լեզուների, տեղեկատվական համակարգերի, քրեագիտության գործնական պարապմունքներին:

Կիսվել այս էջով`