«Արցախյան շարժման դերն ու նշանակությունը տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում» խորագրով կլոր սեղան-քննարկում

«Արցախյան շարժման դերն ու նշանակությունը տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում» խորագրով կլոր սեղան-քննարկում

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել «Արցախյան շարժման դերն ու նշանակությունը տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ նվիրված շարժման 34-րդ տարեդարձին։
 
Բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը: Նա կարևորել և արդիական է համարել թեմայի քննարկումը: Ըստ Դ. Գաբրիելյանի՝ 34 տարի անց այսօր էլ խիստ անհրաժեշտություն է միասնական ու համախմբված լինելը, որը միտված կլինի մեր երկրի զարգացմանն ու կայունացմանը:
 
Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը ևս կարևորել է կլոր սեղան-քննարկումը:
 
<<Միջոցառման նպատակն այն է, որ ևս մեկ անգամ վերահաստատենք, որ 34 տարի անց, էլ ավելի է բարձրացել Արցախյան շարժման դերն ու նշանակությունը: Այս թեման մանավանդ կարևոր է երիտասարդ սերնդի համար՝ ճիշտ ու հստակ տեղեկություն ստանալու համար: Մյուս կողմից շատ կարևոր է, որ մեր հակառակորդներին ցույց տանք, որ մեր որդեգրած քաղաքականությունից մեկ քայլ անգամ հետ չենք գնա: Պատահական չէ, որ մեր օրերում կան նախաձեռնող խմբեր, որոնց հիմքում ընկած է 88-ի գաղափարախոսությունը: Կարևոր դասը, որ պետք է քաղենք շարժումից՝ համախմբված և մեկ գաղափարի շուրջ համախմբվելն է: Շարժումը հենց դրանով է հաջողել 1988 թ-ին>>,- մասնավորապես ասել է Հ. Ավանեսովը:
 
Միջոցառմանը մասնակցում էին Արցախյան շարժման ակտիվիստներ, ԱՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, պատմաբաններ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, լրագրողներ:
 
Ակտիվ քննարկումների արդյունքում ի մի են բերվել քննարկման արդյունքները և վերահաստատել, որ միմիայն համախմբվածության արդյունքում են հասնելու նոր հաջողությունների:
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
Կիսվել այս էջով`