ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Մեսրոպ Մաշտոց համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը ուսանողներին և մագիստրանտներին միավորող համալսարանական կառույց է, որի նպատակն է նպաստել ուսանողների գիտական, ստեղծագործական, մշակութային և հոգևոր զարգացմանը: ՈՒԳԸ-ն հիմնադրվել է 2011թ. մարտի 1-ին: Իննամյա գործունեության ընթացքում այն կարևոր դեր է կատարել թե՛ որպես հասարակական կազմակերպություն, և թե՛ որպես համալսարանական կառույց: Ընկերությունը մշտապես կազմակերպում է գիտաժողովներ (ներբուհական, միջ բուհական և միջազգային ձևաչափերով, որոնց մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների բուհերի երիտասարդ գիտնականներ, դասախոսներ և ուսանողներ), գիտահանրամատչելի դասախոսություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև ռազմահայրենասիրական, կրթական և մշակութային ուղղվածություն ունեցող միջոցառումներ՝ դրանցում ներառելով նաև արտահամալսարանական գիտական ներուժը: ՈՒԳԸ-ն աջակցում է շնորհաշատ ուսանողներին և մագիստրանտներին, սատարում է գիտական, կրթական, մշակութային և ռազմահայրենասիրական ոլորտներում նրանց նախաձեռնությունները: Շնորհիվ Ուսնողական գիտական ընկերության գործուն քայլերի՝ ուսանողները ներգրավվում են տարբեր գիտական, հասարակական և մշակութային ծրագրերում ու գիտական խմբերում: ՄՄՀ ՈՒԳԸ-ն կարևորելով միջբուհական գիտական համագործակցությունն ու գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում ինֆորմացիայի փոխանակումը, սերտորեն համագործակցում է հայաստանյան բուհերի ուսանողական գիտական ընկերությունների հետ։ Ինչպես նաև սերտ կապեր է հաստատում այլ գիտական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների հետ: Ընդգծելով ուսանողական գիտական գործունեությանը նպաստող մասնագիտական առաջնահերթությունների ընդհանրությունը և ցանկանալով նպաստել բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնավորապես ուսանողական գիտական ընկերությունների միջև գիտատեխնիկական համագործակցության ընդլայնմանը՝ ՄՄՀ ՈՒԳԸ-ն կարևորում է միջազգային համագործակցությունը արտասահմանյան բուհերի հետ և համապատասխան քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: ՈՒԳԸ-ն իր հիմնադրման առաջին իսկ օրից ձեռնամուխ է եղել էլեկտրոնային գրադարանի հիմնադրմանը, որը մինչ օրս էլ համալրվում է նոր գրականությամբ:

Կիսվել այս էջով`